Մարտին Ահարոնյան
Մարտին Ահարոնյան
15 տարեկան հասակից ստեղծագործում է` որպես երաժիշտ: Նվագել է տարբեր վոկալ գործիքային անսամբլներում` որպես սոլո կիթառահար: 1975-79թթ ղեկավարել է «Արեգակ» և «Դեկա» վոկալ գործիքային խմբերը, որոնց հետ միասին շրջագայել և մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի:
1969-73թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1974-79թթ` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արդյունաբերական էսթետիկայի բաժնում, որը ավարտել է գրաֆիկ դիզայների մասնագիտությամբ: Նույն թվականին հեռակայել է նաև Մոսկվայի Ժողովրդական արվեստների հեռակա համալսարանի կոմպոզիցիայի և էստրադային խմբերի ղեկավարման բաժնում:
1982թ. հաճախել է Մոսկվայի արվեստի գործիչների վերապատրաստման դասընթացներին: 1985թ. Մոսկվայում` երիտասարդության և ուսանողության 12-րդ միջազգային փառատոնի ժամանակ, եղել է Հայաստանի տաղավարի կիրառական արվեստի բաժնի պատասխանատուն և արժանացել մեդալի ու պատվոգրի:
1988-2000թթ եղել է «Պարադիզ» ընկերության երաժշտական խմբագիրը: 2000թ., 2001թ. և 2003թ. դարձել է Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի փառատոնի դափնեկիր: 2006թ-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է:
Ունի շուրջ 150 բազմաժանր երգեր և շուրջ 50 գործիքային ստեղծագործություններ, որոնք կատարել են և շարունակում են կատարել մեր երգարվեստի ներկայացուցիչները: Նրա ստեղծագործություններում զետեղված են նաև ֆիլմի երաժշտություններ, հեռուստանախագծերի հիմներ, սոլո, դուետ և խմբային կատարողական երգեր, ունի նաև եզակի իր բնույթի մեջ ռոք-օրատորիա` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:
Մասնակցել է բազմաթիվ համահայկական, համամիութենական, միջազգային նկարչական ցուցահանդեսների: