Երգ, որ միտքը տանում է ինքնաճանաչման, հոգին` ինքնամաքրման…

Վախթանգ Հարությունյան

Հեղինակային երգը 20-րդ դարի եզակի մշակույթային երևույթներից է, որը տարբերվում է ռիթմերի և հնչերանգների բազմազանությամբ, բանաստեղծական ոգով: Այն առաջին իսկ վայրկյանից գրավում է ունկնդրին իր` հոգու լարերին դիպչելու հատկությամբ, ինչն ընդգծվում է հեղինակի կատարման ոճով:

Հեղինակային երգերը տարբերվում են թեմատիկ բազմազանությամբ` նրանք երգում են սիրո, բարեկամության, անփոփոխ մարդկային արժեքների մասին:

Բանաստեղծական անկեղծ մենախոսություն, խոստովանություն` այսպես կարելի է բնութագրել հեղինակային երգը:

Հեղինակային երգարվեստի, նրա դերի, և, առհասարակ, այս երևույթի մասին կզրուցենք այս ոլորտի վառ ներկայացուցիչ, երգահան, «Բարդ» ակումբի համահիմնադիր Վախթանգ Հարությունյանի հետ:  

- Վախթանգ, այսօր գրեթե բոլորը ծանոթ են բարդերին, նրանց ստեղծագործություններին, բայց քչերը գիտեն, թե ե՞րբ է իր սկիզբը դրել հայ հեղինակային երգարվեստը:
- Կարծում եմ, այդ երգող պոետները միշտ էլ եղել են` Ջիվանի, Սայաթ-Նովա և այլոք , պարզապես կիթառը սազն էր, բայց դա էական չէ երգահանի համար, եթե նա ասելիք ունի: Իսկ մեր կիթառային տարեգրությունը սովորաբար Հախվերդյան Ռուբենով ենք ընկալում: 

- Ինչպիսի՞ դեր ունի այսօր հեղինակային երգը հայ երաժշտարվեստում: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը:
- Ինչպիսի՞ դեր կարող է ունենալ արվեստի այն դրսևորումը , որը մարդու միտքը տանում է ինքնաճանաչման , հոգին` ինքնամաքրման: Կարծում եմ, երբ առերեսվում ենք ինքներս մեզ հետ, հենց այդ ժամանակ է, որ այս երգարվեստը կարևոր դեր է խաղում ու դառնում մշտական ուղեկից:

- Վախթանգ, կարծես թե, սերն ու հետաքրությունը դեպի հեղինակային երգարվեստը վերջին տարիներին վերելք են ապրում: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ: Եթե այո, ապա ինչի՞ հետ եք դա կապում:
- Հեղինակային երգը կամուրջ է` տանող դեպի մաքուր պոեզիա, դեպի անկեղծ մարդկային հարաբերություններ , դեպի միջավայր, որտեղ մարդիկ մոտ են բնությանը: Այդ կամրջակը անտեսանելի է , բայց նրա դերակատարումը շրջադարձային է լինում մարդու կյանքում: Բազմիցս ականատես եմ եղել նման երևույթներին: Դա է գաղտնիքը:

- Ամփոփելով անցյալ տարին, հայ հեղինակային երգի ի՞նչ նոր բարձունքների մասին կարող ենք խոսել: Արդյոք 2016-ը նորություններ բերե՞ց հայ բարդերի ստեղծագործական կյանքում:
- «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի շնորհիվ 2016-ին բացահայտեցինք այս ժանրի հինգերորդ սերունդի ներկայացուցիչներին, որոնցից 10-ը հնարավորություն ստացան մասնակցել փառատոնին , երգել ու մաս դառնալ մեր մեծ ընտանիքի:

- Ի՞նչ պլաններով են բարդերն սկսել այս տարին: Կուրախացնե՞ք ունկնդրին «Հուսո Առագաստ» փառատոնով: Որտե՞ղ կարող է ձեզ տեսնել հեղինակային երգարվեստի երկրպագուն:
- Բացի ուրբաթօրյա համերգները բարդերի ակումբում, մենք ամենքս առանձին մենահամերգներով ներկայանում ենք տարբեր հարթակներում , տոնական օրերին քաղաքում հաճախ առանձին հարթակ է տրամադրվում հեղինակային երգին , որտեղ և բոլորս միասին տոնում ենք մեր երգերի ներքո:
Այս տարի հուլիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում «Հուսո առագաստը» Սևանում (Շորժա, «Վիշապ» լողափ) կրկին կընդունի հեղինակային երգի բոլոր սիրահարներին: Դեռ պետք է աշխատենք, որ այդ օրերը տոնական շնչով լցվեն: Հուսամ, այս երգարվեստի սիրահար մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ ամեն բան կլինի, ինչպես հարկն է:
Ի դեպ, արդեն նամակներ եմ ստացել մի շարք երկրների բարդերից, որոնք ցանկություն ունեն միանալ մեզ: Ավելի քան 20 երաժիշտ տարբեր երկրներից պատրաստվում են գալ ու մասնակից դառնալ մեր փառատոնին:

- Հեղինակային երգը շատ հաճախ նաև դիպչում է հասարակությունում տիրող խնդիրներին: Ի՞նչ եք կարծում, ունենում է երգն իր ազդեցությունն այդ խնդիրների լուծման վրա:
- Սա այն ժանրն է, որը հայելու պես արտացոլում է այն ամենը, ինչ կա մեր իրականությունում, և, գուցե, հենց այդ պատճառով է սիրված շատերի կողմից և անընդունելի` մյուսների:
Հաճախ ժամանակից առաջ հայտնվելով հանգեր են հնչում, որոնք դեռ պետք է կատարվեն: Դրա անունն ինչ էլ դնենք , հասարակության զարկերակը զգացող ու արձագանքող տեսակ է, երգի ու այս ժանրի կարևորագույն դերակատարումներից է, կարծում եմ : Կուզե՞ք, կոչե՜ք հասարակության խիղճ , որն արթուն է մնում երգի տեսքով:

- Վախթանգ, հեղինակային երգը պոեզիա, երաժշտություն լինելուց բացի նաև խորը փիլիսոփայություն է: Ո՞րն է Ձեր երգի փիլիսոփայությունը:
- Լսեք երգերս , հարցի պատասխանը հաստատ կգտնեք տարբեր երգերում , տարբեր հանգերում: Մի բան հստակ է` մենք բոլորս կապված ենք տեսանելի և անտեսանելի թելերով: Եթե ցանկանում ենք, որ իրականությունն ավելի լավը լինի , ապա սկսենք ամենքս մի մասնաբաժին անանձնական սիրո դրսևորումից ` հանուն այդ ցանկալի իրականության:

- Վախթանգ, շնորհակալություն զրույցի համար: Նոր ստեղծագործական հաջողություններ Ձեզ և «Բարդ» ակումբին: