«Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն

Փետրվարի 1-ից ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը: 

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու և խրախուսելու, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում. 

Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ 
Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող 
Դասական ժանրում լավագույն ալբոմ 
Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ 
Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող 
Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ

Մասսայական (POP) ժանրում. 
Լավագույն երգիչ(ուհի) 
Լավագույն ռոք խումբ 
Լավագույն ջազ խումբ կամ կատարող 
Լավագույն ալբոմ 
Տարվա հիթ 

Լավագույն համերգային ծրագիր (բոլոր ժանրերում) 
Լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերում)

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2016 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները, որոնք նախագահում են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (դասական ժանրում), ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը (ժողովրդական ժանրում) և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը (մասսայական (POP) ժանրում): Մրցանակաբաշխության հաղթողները կարժանանան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ):

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. փետրվարի 1-ից 28-ը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (հասցե՝ Ամիրյան 26, 3-րդ հարկ, 321 սենյակ):

Տեղեկությունների համար զանգահարել 099 88 21 10 կամ 010536233. էլեկտրոնային հասցե՝ tsitsernak.award@gmail.com :