Տիգրան Հեքեքյան
Տիգրան Հեքեքյան
Տիգրան Արտյոմի Հեքեքյան (1959, օգոստոսի 17) հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ներկայումս հանդիսանում է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն։ Նա նաև «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։
Տիգրան Հեքեքյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետ որպես խմբավար ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում։ 1985 թվականից դասախոսում է նույն կոնսերվատորիայում։ Խմբավարական գործունեության մոտ երեք տասնամյակների ընթացքում Տիգրան Հեքեքյանը հիմնադրել և ղեկավարել է մի շարք երգչախմբեր, այդ թվում՝ ազգային մրցույթների դափնեկիր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (1982-1988), Երիտասարդական Կազմակերպությունների Կոմիտեի երգչախումբը (1986-1988), միջազգային մրցույթների դափնեկիրներ Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության Կամերային երգչախումբը (1984-2002) ու «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը (1992 թվականից)։
Տիգրան Հեքեքյանը մասնակցում է ամենատարբեր միջազգային փառատոների, մրցույթների և համերգներով հանդես գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում։ Միայն 1990-95 թվականների ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաներն ու երգչախմբերը տարբեր միջազգային մրցույթներում նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, այդ թվում Արնհեմի մրցույթում (Հոլանդիա), Այսթեդֆոդ մրցույթներում (ՀԱՀ, Մեծ Բրիտանիա), Տակարացկայի մրցույթում (Ճապոնիա) և «Գոլդըն Գեյթ» մրցույթում (ԱՄՆ)։
Ազգային արվեստն օտար երկրներում ներկայացնելու Տիգրան Հեքեքյանի առաքելությունը չի սահմանափակվում համերգային գործունեությամբ։ Նա հայ խմբերգային արվեստի մասին դասախոսություններ է կարդում խոշոր միջազգային գիտաժողովներում, վարում վարպետաց դասեր և բաց փորձեր Հայաստանում և արտերկրում, մասնակցում միջազգային մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ և հյուր խմբավար։ Իր ակտիվ մասնակցությամբ հեղինակավոր հրատարկչություններում(Օքսֆորդ փրես, Կարուս) հրատարակվում են հայ հեղինակների խմբերգային ստեղծագործություններ։
Նա նաև ելույթ է ունենում տարբեր երգչախմբերի հետ որպես հյուր խմբավար։ Տիգրան Հեքեքյանը համերգային գործունեությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Վրաստան, Լատվիա, Լիտվիա, Էստոնիա, Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Իսրայել, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Լեհաստան, Չեխիա, Ավստրիա, ԱՄՆ, Կանադա, Կիպրոս, Եգիպտոս, Հունաստան, Ավստրալիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հոնկ-Կոնգ, Չինաստան։
Ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալից ավանդի համար Տիգրան Հեքեքյանը 1996 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար 2010 թվականին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը։ Տիգրան Հեքեքյանը արժանացել է նաև ՀՀ վարչապետի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևներին, իսկ եվրոմիության երգչախմբերի կազմակերպության կողմից՝ «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին։