Հայաստանում կմեկնարկի Music Drive փառատոնը

Music Drive փառատոն

Այս տարի առաջին անգամ կմեկնարկեն մի շարք փառատոներ, այդ թվում նաև երաժշտական, որոնք կակտիվացնեն Հայաստանի մշակույթային կյանքը և նոր հնարավորություններ կստեղծեն տուրիզմի ոլորտի զարգացման համար: Այդ փառատոների շարքում է Music Drive-ը, որի մասին զրուցել ենք Ռոք ասոցիացիայի նախագահ, “DOGMA” ռոք խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանի հետ:

- Վարդան, Music Drive փառատոնն անց է կացվում առաջին անգամ: Դառնալու՞ է այն արդյոք ավանդույթ հայաստանյան երաժշտական ասպարեզում:
- Փառատոնը լինելու է ամենամյա, և իհարկե ակնկալում ենք, որ մեծանալու են դրա մաշտամբերը, մասնակիցների թիվը:

- Ո՞վ է նախաձեռնել փառատոնը , և ու՞մ աջակցությամբ է այն իրականացվելու:
- Փառատոնը նախաձեռնել են ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ռոք ասոցիացիան` “Ազգային թատերական ստեղծագործական միավորման” և “ZHESHT Events”-ի աջակցությամբ:

- Ի՞նչ երաժշտական ոճեր են ներկայացվելու, և ովքե՞ր են իրենց մասնակցությունը բերելու փառատոնին:
- Փառատոնին մասնակցելու են ժամանակակից երաժշտության տարբեր ոճերում ստեղծագործող արտասահմյան և հայաստանյան 20-ից ավել խմբեր: Հայաստանը ներկայացնելու են “Time Report”-ը, “Artsruni progressive music art”-ը, “DOGMA”-ն, “Empyray"-ը, “Beautified project”-ը, “Ոստան հայոցը”-ը, “Նաիրի”-ն, “Նեմռա”-ն: Արտերկրից ժամանելու է ութ խումբ, որոնց թվում “Human Element” խումբն է ԱՄՆ-ից` Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ: Շվեդիան ներկայացնելու է պրոգրեսիվ ռոք կատարող “Anekdoten” խումբը, Ֆրանսիան` “Corpo-Mente”-ն, Դանիան` “Saturnus”-ը, Իսլանդիան` “Agenc Fresco”-ն, Անգլիան` “Antimatter”-ը, Շվեյցարիան` “Authentic light orchestra”-ն և “Theodor Bastard”-ը` Ռուսաստանը: Բոլոր մասնակցող խմբերը ներկայանալու են իրենց հեղինակային երգերով:

- Music Drive-ը միջազգային փառատոն է: Արդյոք ակնկալու՞մ եք, որ փառատոնի ունկնդիր լինելու համար Երևան կժամանեն հյուրեր հարևան երկրներից:
- Սպասում ենք, իհարկե, ունկնդիրների հարևան երկրներից: Մյուս տարվանից փառատոնը կընդգրկվի նաև տուրիստական գործակալությունների առաջարկներում:

- Բացի համերգներից, ի՞նչ այլ միջոցառումներ են անցկացվելու փառատոնի շրջանակներում:
- Փառատոնի շրջանակներում անց է կացվելու “Music DriveTalks” հանդիպումը ՀԲԸՄ դահլիճում: Սա վարպետաց դաս և, միաժամանակ, զրույց է փառատոնի մասնակից “HUMAN ELEMENT” խմբի տաղանդաշատ երաժիշտների` Արտո Թունջբոյաջյանի, Գարի Նովակի, Սքոթ Կինսիի և Մաֆիու Գարիսոնի հետ:

- Երկու օրից կմեկնարկի Music Drive-ը: Արդեն այսօր կարելի է գնահատել հասարակության հետաքրքրվածությունն այս փառատոնով: Սպասու՞մ է արդյոք հայաստանյան հանդիսատեսն այս իրադարձությանը:
- Իհարկե, ակտիվությունն ու հետաքրքրվածությունն այնքան չէ, որքան ակնկալում էինք, բայց հայաստանյան ունկնդիրը հաճախ վերջին օրն է ակտիվանում: