Հայ երաժշտությունը հազարավոր տարիների պատմություն ունի

Հայ երաժշտություն

Հայ երաժշտությունը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն սկիզբ է առնում հեթանոսական շրջանում: Չորրորդ դարից սկսած զարգանում է նաև հոգևոր երաժշտությունը: Հայ գրերի գյուտից հետո (405թ.) մայրենի լեզվով կատարվող եկեղեցական արարողությունների հետ միասին առաջանում է հոգևոր երաժշտության անհրաժեշտությունը: Մաշտոցն ու Սահակ Պարթևը (5-րդ դ.) հայտնի են նաև երաժշտության բնագավառում կատարած գործերով: Մաշտոցը գրել է շարականներ: Խորենացու վկայությամբ դպրոցներում ընդունվում էին «լավ ձայն և երկար շունչ» ունեցող աշակերտներ, որոնք սովորում էին շարականներ երգել: 7-րդ դարում Բարսեղ Ճոնը հորինեց նոր շարականներ, որոնք նրա անունով հայտնի են որպես «Ճոնընտիր շարականներ»: 8-րդ դարում հռչակվեց նշանավոր երաժշտագետ Ստեփանոս Սյունեցին:  

8-9-րդ դարերում ստեղծվում են երաժշտական ինքնատիպ նշաններ՝ խազեր, որոնց ընթերցման բանալին ցարդ չի հայտնաբերված: Նրանցով են ձայնագրվել և երգվել Մաշտոցի (361-440 թթ.) հորինած շարականները, Խոսրովիդուխտի՝ (8-րդ դ.) Վահան Գողթնեցուն նվիրված շարականը, Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) և ՆԵրսես Շնորհալու (1102-1173 թթ.) գողտրիկ գանձերն ու տաղերը: Խազագրության արվեստը հայ իրականության մեջ 8-9-րդ դարերից հետո անընդմեջ կատարելագործվել է մինչև 14-15-րդ դարերը: Իր ծաղկման շրջանում այն արտացոլել է հայ հոգևոր երգեցողության բարձր մակարդակը: Ավելի ուշ՝ 16-17-րդ դարերից այդ արվեստն աստիճանաբար մոռացության է տրվել:  

Միջնադարում մեծ ուշադրություն դարձնելով խազերի ուսուցմանը՝ մշակվել է երաժշտական արվեստին վերաբերող տեսություն, որը կոչվել է մանրուսում: Ձեռագրերում պահպանվել են այդ բովանդակության զանազան բնագրեր, որոնցից են, օրինակ՝ «Ձայների ներդաշնակության մասին», «Ձայների մասին» և այլն: Մանրուսումը զարգացման բարձր մակարդակի է հասել Կիլիկիայում (Արքակաղին, Դրազարկ, Սկևռա, Կարմիր վանք և այլն): Ներսես Շնորհալին իր «Ընդհանրականում» մանրուսումը համարում է քահանայական կրթության առաջին առարկաներից մեկը: Խազագրված երգերի բազմակողմանիության և բազմատեսակության մասին գաղափար կազմելու համար բավական է նշել, որ ձեռագրերում (Մանրուսմունք, Շարակնոց, Տաղարան, Գանձարան) հանդիպում են շարականների գլխավոր եղանակների և դրանց ստորաբաժանումների քառասուն և մյուս հոգևոր երգերի հարյուր հիսուներկու տարբեր եղանակների անուններ՝ չհաշված աշխարհիկ երգերը:  

Ձեռագրերում բազմաթիվ տեղեկություններ կան նաև երաժշտական գործիքների վերաբերյալ: Այս տեսակետից առանձնապես արժեքավոր են մանրանկարչական ձեռագրերը, որոնց մեջ գտնում ենք հին և միջնադարյան Հայաստանում գործածված երաժշտական գործիքների (լարային, փողային, հարվածային) բազմաթիվ տեսակներ՝ սրինգ, փող, ջութակ, սազ, քամանչա, ջնար, ուդ, քանոն, տավիղ, քնար, վին, թմբուկ, լիտավր, դաֆ, նաղարա, դահրա, ծնծղաներ, չուշտա և այլն: Երաժշտական գործիքները պատկերված են գերազանցապես երաժիշտների հետ միասին: Կան ինչպես անհատ երաժիշտներ, այնպես և երաժշտախմբերի նկարներ. օրինակ՝ 14-րդ դարի մի ձեռագրում պատկերված է փողային և լարային գործիքների մի քառյակ:

Աղբյուրը՝ Matenadaran.am