«Դեպի եվրատեսիլ». Երաժշտական նոր մեգանախագիծ`

«Դեպի եվրատեսիլ»

Հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի նոր մեգանախագիծ, սպասված երաժշտական հեռուստամրցույթ, որը կկրի «Դեպի եվրատեսիլ» խորագիրը:

Անկախ բնակության վայրից եւ երաժշտական նախասիրություններից մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով եւ բեմական կեցվածքով կատարողներ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ երազել են եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին: Իսկ եթե տաղանդավոր եք, սակայն վախեցել եք անգամ երազել, ապա Դուք եւս շտապեք դիմել, հնարավոր է հենց Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումն սկսված է: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը կայքում հետեւյալ հղումով`:

Նախագծին մասնակցելն անվճար է: Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը: