Ճանաչե՛նք մեր գործիքները

Հայ Ավանդական գործիքներ
Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը:

Նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին:

Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը:

Բլուլ – լինում է մի քանի տեսակ մետաղյա սնամեջ խողովակից առանց պիպիչի, հովվական սրինգի մի տեսակ է 8 նվագահան անցքերով, 7-ը վերևում, 1-ը ներքևում: Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից: Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն:

Դհոլ, Թմբուկ - Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Սնամեջ գլանը 30-40 սմ է, որի վրա ձգվում է թաղանթը այծի կամ հորթի կաշվից: Սովորաբար մի կողմի թաղանթը բարակ է, մյուսը քիչ հաստ: Ձգված թաղանթների տրամագիծը 33-50 սմ է: Թաղանթները ձգվում են գլանաձև իրանի բաց մասերի վրա փայտյա կամ մետաղյա օղակների միջոցով, շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ: Դհոլը ուսից կախելու համար խաչաձև պարաններին ամրացված է գոտի: Ձայնի հնչեղությունը կարգավորելու նպատակով իրանի վրա փոքրիկ անցք է բացվում: Հնչեղությունը բարձրացնելու նպատակով նվագելուց առաջ թաղանթները կրակի վրա են պահում: Դհոլը նվագում են ձեռքի մատներով կամ երկու փայտիկների օգնությամբ, որոնք լինում են տարբեր հաստության և կոչվում են տարբեր անուններով Թակիչ, Տմբիչ, Ճիպոտ, Կոպալ և այլն: Մեծ թակիչի գլուխը գնդաձև է, իսկ բռնակը ժապավենով կախված է դաստակից, որով հարվածում են հաստ թաղանթի կողմից, իսկ բարակ կողմից հարվածում են Ճիպոտով, որը 30-40 սմ երկարության հոնի, սալորենու, թթենու և այլ ամուր ծառատեսակներից պատրաստված, քիչ կորություն ունեցող ճկուն և ամուր շյուղ է: Ճիպոտի երկարությունր հավասար է լինում դհոլի տրամագծին:

Դուդուկ - Հայաստանում, Կովկասում և հարևան երկրներում տարածված փողային նվագարան: Ձայնը նման է հոբոյին, երկակի կամ կրկնակի եղեգնյա պիպիչով , փափուկ տեմբրով և տխուր քնարական երանգներով: Ունի 7 կամ 8 անցք առջևից և մեկը հակառակ կողմից: Պատրաստվում է ծիրանի կամ թթենու ծառերի փայտից, երկարությունը 30,5 սմ, նվագում են դամ պահելիս: Մունդշտուկը միջին մասում ունի շարժական օղակ լարվածքը կարգավորելու համար: Վերջին տարիների հայ նշանավոր դուդուկահարներից են Մ.Մարգարյանը, Լ.Մադոյանը, Վ.Հովսեփյանը , Ջ. Գասպարյանը:

Թառ – Լարային կսմիթային նվագարան ութ կամ տասնմեկ լարանի: Նվագում են կնտնտոցով: Գուղը ութաձև է, սնամեջ ամուր փայտից, թաղանթապատ փայտյա հենակը դրված է փառի վրա, սիմերը աղիքից կամ մետաղյա, թևը կամ կոթը բաժանված է 20-23 փարդայի: Թառը տարածված է Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Հայաստանում տարածված է հիմնականում տասնմեկ լար ունեցող թառ, որոնցից առաջին երեք զույգը համարվում են հիմնական, իսկ մյուս երկու զույգը և մեկ կենտը օբերտոնային: Հայ երաժիշտները Բ.Մելիքյանը Ս.Սեյրանյանը և ուրիշները զգալի ներդրում ունեն Թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում:

Քամանի – լարային - աղեղնավոր արևելյան նվագարան, որ տարածված է Հայաստանի բազմաթիվ շրջաններում: Քաման անվանումը պետք է, որ լինի արաբերեն /քեման, ջութակ/: Ըստ էության այն Արևելյան Ջութակ է առանց հաստատուն լարվածքի կամ լարված կվարտաներով,երկու լարանի /նաև անկատար ջութակ են կոչում/: Սովորական ջութակից կորպուսն ավելի նեղ է, վզիկը կարճ, ունի տակից անցնող ձայնադարձիչ լարեր,որոնք լարվում են հիմնականներին համաձայն /ունիսոն/ կամ դրանցից օկտավա բարձր/այս դեպքում դրանք բարակ են/, կոթը կարճ է, նվագում են ծնկին ուղղահայաց հենած: Աշուղների սիրած նվագարանն է, այն գործածում էր նաև Ջիվանին:

Քամանչա - /արաբ,ՙ Քեման, ջութակ բառից՚/ աղեղնա - լարային նվագարան 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով: Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ: Լարերը լարված են փոքր օկտավայի սոլ,առաջին օկտավայի ռե , լյա, երկրորդ օկտավայի մի: Անդրկովկասում ներկայումս տարածված է 4 լարանի Քամանչան, որ հայազգի վիրտուոզ քամանչահար Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է, նա ավելացրել է 4-րդ լարը հետևյալ լարվածքով` փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի: Շնորհիվ այդ փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, ունի տեխնիկական բազմազան հնարավոր-ություններ, որի շնորհիվ թե մենակատարային, թե անսամբլային նվագարան է:

Քանոն - աղելարային – կսմիթային նվագարան է, իրանը 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու - երրորդով լորենի կամ եղևնու փայտից է, մեկ- երրորդով թաղանթապատ,թաղանթը փուչիկից /եզան լավ մշակված այծի, ոչխարի կամ գառան կաշվից / ունի 24-26 եռակի լարեր հիմնականում աղիքից: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով /հարիչով/: Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով, ռե տոնայնությամբ է, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալ ունի: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ, այն մենակատարային և անսամբլային նվագարան է:

Սանթուր - Արևելյան բազմալարային հարվածային նվագարան է: Սանթուրի մի քանի տեսակներ են հայտնի, ամենատարածվածը փայտյա սեղանաձև մի արկղ է, վրան ձգված 145 / 25.3 / մետաղյա լարերով, վերևի կափույրի վրա ձայնադարձիչ անցքեր են, լարերը ձգված են սեղանի հիմքին զուգահեռ և հնչյունները ստացվում են փայտյա մուրճիկների հարվածներով: Ձայնը ցածր ռեգիստրում միայնակ , բարձրում երկանդամ, եռանդամ խմբերով ձգված: Լարվածքը քրոմատիկ է: Նվագում են ծնկներին դրած, կամ հատուկ հենարանի ոտների վրա: Սանթուրի զնգուն նվագը ուղեկցվում է հարվածող բաց լարերի միալար, խուլ աղմուկով: Օգտագործվում է աշուղական խմբերում: Ձայնն ընդհատող հարմարանքից զուրկ լինելովª Սանթուրը չի օգտագործվում շողովրդական նվագարանների համույթներում և նվագախմբերում:

Photos