Այսօր Նորայր Մնացականյանի ծննդյան օրն է

Նորայր Մնացականյան

Նորայր Մնացականյան, հայազգի երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (շնորհված՝ դեկտեմբեր 2, 1965)։

Այն, ինչ հեռու ժամանակներից ավանդաբար եկել ու ամբարվել էր հայ երգի անդաստանում, բոլորովին նոր որակ ստացավ Նորայր Մնացականյանի երգարվեստում։ Նրա պրպտող միտքը չգնաց այն ճանապարհով, որով անցել էին նրա նախորդները, այլ յուրովի ըմբռնելով հայ երգի դերն ու նշանակությունը սովորական հայ մարդու կյանքում՝ նա դուրս եկավ մի պողոտա, որն ամենայն իրավամբ հետագայում կոչվեց նորայրական։

Հայկական ժողովրդական և գուսանական երգերի կատարողական արվեստում գերիշխում էր երկու հիմնական ոճ՝ օպերային դասականացված մշակումների կատարումներ, որոնք, թեև չափազանց արժեքավոր են առայսօր, սակայն լիովին չէին արտացոլում տվյալ գործերի հեղինակների ստեղծաքործական ենթատեքստն ու հասարակական նշանակությունը։ Այդ իսկ պատճառով, ավելի հեռու էին կանգնած սովորական հայ մարդու առօրեից։

Կատարողական երկրորդ ոճին պատկանում էին կատարումներ՝ ավանդապաշտական, գավառային, գեղջկական և «կուսական» անմշակ, ընդհուպ նաև թուրքական ու պարսկական մեղեդիների որոշ և երբեմն էլ հախուռն խառնուրդով։

Նորայր Մնացականյանը գտավ ոսկե միջինը. նրա մեկնաբանությամբ՝ հայ ժողովրդական և գուսանական երգարվեստի գոհարները վերստին հայացան և ի ականջ ամենքի՝ սկսեցին հնչել մատուցման ավելի մատչելի ոճով, չափավոր ու միշտ չափի մեջ, ներքին բարեկրթությամբ, ընդ որում՝ հաճախ հասարակ քնարականությամբ, քան գրոտեսկային ուրճացված հերոսականությամբ։

Մնացականյանի այս նորամուծությունն անմիջապես գրավեց հազարավոր սրտեր, փառք բերելով ոչ միայն սիրված արտիստին, այլև նորովի հասկացված նրա կատարելաոճին։ Այն թյուր կարծիքը, որ մինչ այդ գոյություն ուներ, թե իբրև հայ երգի քնարական զգացական մեկնաբանությունը նսեմացնում է վերջինիս ազգային արժեքը, Մնացականյանի վառ անհատականության շնորհիվ հօդս ցնդեց։