Այսօր Գուսան Հավասիի ծննդյան օրն է

Գուսան Հավասի

Գուսան Հավասին ծնվել է անցած դարի վերջերին, սկսել է ստեղծագործել քսաներորդ դարի առաջին տասնամյակում և համնդհանուր ճանաչման է արժանացել երեսունական թվականներին։ Նա մեր օրերի գուսանների ավագ սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է, որի երգերը աչքի են ընկնում թեմատիկայի բազմազանությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով։

Մոտավոր հաշվումներով Հավասին գրել է 2000 երգ և 1500 քառյակ,130-ի չափ էլ հորինել է մեղեդիներ։ Այս տվյալները անվանի գուսանի ստեղծագործական կարողությունների չափանիշն են։ Հավասին արձագանքել է իր ստեղծագործական ժամանակաշրջանի բոլոր հարցերին. գրել է խրատական, կենցաղային, սատիրական երգեր։

Նրա երգերի մեջ առանձնակի տեղ են գրավում սիրային ոտանավորները։ Հետագա տարիներին, արդեն լայն ճանաչում գտած գուսանը, իր երգացանկը հարստացնում է իր ժամանակների կյանքի մոտիվներով գրած գործերով։ Հավասու ստեղծագործական միտքը բորբոքում է հայրենիքի սերը՝ Հայաստանի, Երևանի սերը, որն ավելի բարձր է գնահատում, քան սիրած յարի նկատմամբ ունեցած սերը. "Կուզեմ անդադար, թողած սեր ու յար, երգել քեզ համար, Հայրենիք", ("Հայրենիք")։ Նույն շնչով են գրված "Հայաստանի սիրուն սարեր", "Երիտասարդ Հայաստան", "Շինարար կյանք", "Սովետական կես դարը" և այլ երգեր։

Գուսանը շատ երգեր ունի նվիրված բանակին, Հայրենական պատերազմին, իր սիրելի Ջավախքին և այլն։