Այսօր Արմեն Թութունջյանի ծննդյան օրն է

Արմեն Թութունջյան

Արմեն Թութունջյան (հայտնի է նաև որպես Չիկո), հայ ջազային երաժիշտ, «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992թթ նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։ 1994թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծեց «Չիկոն եւ ընկերները» խումբը, որում են նվագել Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998թ-ից վարում է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ Արժանացել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ 2009թ-ից Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարն է։ 2011թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։