Այսօր Արամոի ծննդյան օրն է

Արամո

Վաղ տարիքից հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում և նվագել «Արևիկ» մանկական համույթում: 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

1986թ. ընդունվել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ` որպես սոլո երգիչ և թմբկահար: 1989թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2-րդ տեղը ու արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` ստեղծման օրվանից մինչ 1997թ.: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում և արտերկրում: Խաղացել է թատերական ներկայացումներում և Քյոսայանի «Մխիթար սպարապետ», «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում:

Արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների Հայաստանում և արտերկրում: Թողարկել է 4 ձայնասկավառակ, որից 3-ը կնոջ Էմմա Պետրոսյանի հետ համատեղ: Նկարահանել է 10 տեսահոլովակ:

2009թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2012թ. նկարահանվել է Հրանտ Վարդանյանի «Հովիվը», 2013թ.` «Սպիտակ գառան երազ» և Արշալույս Հարությունյանի «Стрелок» ֆիլմերում: