Ավո Ուվեզյանի ջազի ճանապարհը

Ավո Ուվեզյան

Մարտի 24-ին Ֆլորիդայի իր տանը մահացավ աշխարհահռչակ ջազմեն, Ֆրենկ Սինատրայի լեգենդար “Strangers in the Night” երգի հեղինակ Ավո Ուվեզյանը: Երաժիշտը մահացավ իր ծննդյան 91-ամյակից երեք օր անց:

Ավոն ծնվել է Բեյրութում և երկար ու հետաքրքիր կյանք ունեցել` լինելով ճանաչված ո՜չ միայն երաժշտական ասպարեզում, այլ նաև սիգարային բիզնեսի աշխարհում:

Երաժշտության նկատմամբ նրա սերն արդեն իսկ գեներում էր` հայրը կոմպոզիտոր և ջութակահար Հակոբ Կույումջյանն էր, մայրը` դաշնակահարուհի Սաթենիկը: Ապագա ջազմենը փոքրուց շատ տաղանդավոր և ընդունակ էր` զբաղվում էր դասական երաժշտությամբ, ապա ջազով: Ավոն նոր էր բոլորել 16 տարին, երբ մահացավ հայրը: Երիտասարդն ուներ իր արդեն կայացած “Lebanon Boys” խումբը և կարողացավ հոգ տանել մոր և երկու քույրերի մասին:

“Հայրս շատ թեթև ու շարժուն մարդ էր, նրան Ուվեզ (մոծակ) անվանեցին”, - պատմել է Ավոն հարցազրույցներից մեկի ժամանակ: Նա վերցրեց այդ մականունը որպես բեմական անուն և դարձավ Ուվեզյան:

Ուվեզյանի ջազ բենդը մեծ հաջողություններ ուներ Մերձավոր Արևելքում: Երաժիշտները հաճախ էին մեկնում Բաղդադ, այնտեղից էլ Թեհրան` հյուրախաղերի: Նրանց Իրան ժամանելու մասին մի անգամ իմացել էր Ռեզա շահ Փահլավին և առաջարկել աշխատել իր պալատում:

Երկար տարիներ շահի պալատում աշխատելուց հետո, Փահլավին օգնել է երիտասարդ Ավոյին ի կատար ածել վաղեմի երազանքը` մեկնել ԱՄՆ և սովորել այնտեղ` պրոֆեսիոնալ ջազ երաժիշտ դառնալու համար: Հիմնվելով Նյու Յորքում, Ավոն ընդունվել է հեղինակավոր “Juilliard” երաժշտական դպրոց:

50-60-ական թթ. Ուվեզյանը հաճախ բարերում ելույթ էր ունենում հայտնի ջազ երաժիշտների հետ և նոր ստեղծագործություններ գրում: Առավել հայտնի դարձավ նրա “Strangers in the Night” հիթը, որը գրվել էր Ֆրենկ Սինատրայի համար: Ի սկզբանե, երգը կոչվում էր “Broken guitar”, բայց քանի որ Սինատրան չէր հավանել երգի բառերը, երգի բառերը նորից են գրվել: Այդպես ծնվել է 20-րդ դարի հիթ «Strangers in the Night»-ը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Ուվեզյանին: Հետագայում երգը հայտնվել է նաև “A Man Could Get Killed” ֆիլմում:

“Strangers in the Night” միակ բանը չէ, որ ես գրել եմ: Ես շատ տանգոներ եմ գրել: Արգենտինացիներն ինձ ասում են, որ ես միակ ոչ արգենտինացին եմ, ով այդքան խորը զգում է տանգոն և կարողանում երաժշտություն գրել”, - ասել է Ավո Ուվեզյանը:

Նա արդեն 50-նն անց էր, երբ նույն լատինոամերկյան կրքով սկիզբ դրեց իր երկրորդ կյանքին` այս անգամ զբաղվելով սիգարներով, ինչն Ուվեզյանին ևս մեկ անգամ դարձրեց հայտնի ամբողջ աշխարհին` իր Avo բրենդի սիգարներով:

Բայց նա չդադարեց ջազ նվագել: Ամեն տարի նոյեմբերի սկզբին Ավո Ուվեզյանի գրանդ- փառատոնները շվեցարական Բազելում հավաքում էին այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են Ռեյ Չառլզը, Ջեյմս Բրաունը, Թեդի Ուիլսոնը և այլոք:

Իր երկու կրքերի մասին նա այսպես է ասել. “Սիգարներն օգնում են իմ գրպանին, իսկ երաժշտությունը` հոգուն”:

Չնայած այն բանին, որ Ավոն` լինելով հայկական սփյուռքի վառ ներկայացուցիչ, այդպես էլ չեղավ Հայաստանում, նա բարձր պահեց հայի անունը, որի մասին այդքան ջերմորեն և հարգանքով խոսում էր Ավոյի ընկեր շահ Փահլավին: